«Փաստ» օրաթերթը գրում է. «Դասական ձևակերպմամբ, դա կոչվում է՝ «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ»: Թե հատկապես դա ինչ է ու որ դրսևորումների դեպքում է կիրառվում, թերևս անհրաժեշտություն չկա հանգամանորեն բացատրել: Իսկ չկա անհրաժեշտություն, քանի որ շուրջբոլորը հենց դա է կատարվում, ինչպես ասվում է՝ «իրական ժամանակի ռեժիմում»: Եթե դեռ կան չկռահողներ, ապա նրանց համար թեթևակի մանրամասնենք, որ խոսքն այս օրերին Հայաստանի տարբեր քաղաքներում, բնակավայրերում, մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեծ աղմուկով անցկացվող, այսպես կոչված, «փառատոնների» մասին է:
Դե, «գինու փառատոնը», որ վերջերս էր, այսպես ասած՝ «հորով-մորով արեցին», որից սոցցանցային տիրույթում ամենից տպավորիչ պահն այն էր, թե ինչպես է Փաշինյանի «բարեփոխված» ոստիկանության պանծալի ներկայացուցիչը «օպերկոտ» անում փառատոնային գինեխումից ոգևորված ու «աքլորացող» երիտասարդ անձնավորությանը: Օրերս էլ «գարեջրի փառատոն» էր հռչակվել: Դե, պիտի, չէ՞, հատկապես այս օրերին, այս կատաստրոֆիկ իրավիճակում, ինչպես հարկն է՝ «պիվա կլանել»: Բա առանց ալկոհոլային խմիչքեղենի ինչպե՞ս կլինի: Մարզերում էլ ջանում են հետ չմնալ:
Օրինակ՝ կալանավորված ու ոչ իշխանական իրավապաշտպանների բնորոշմամբ՝ «քաղաքական պատճառներով բանտարկված» քաղաքապետ ունեցող քաղաքում Փաշինյանի կառավարության կողմից նշանակված համայնքային իշխանությունը մի ճոխ համերգ էր կազմակերպել: Այստեղ էլ «փայլատակեց» ոստիկանությունը՝ բերման ենթարկելով մի համարձակ երիտասարդի, որը համերգային բեմից ծածանել էր Արցախի դրոշը: Հասկանո՞ւմ եք, չէ՞, բարոյական անկման անսահմանության աստիճանն ու խայտառակության անչափելի խորությունը. Արցախյան շարժման ժամանակ ամենից ակտիվներից մեկը համարվող Վանաձորում՝ Լոռու մարզկենտրոնի «Արցախ» պուրակից ոչ հեռու, հայկական կոչվող ոստիկանությունը հայ մարդ է բռնում... Արցախի դրոշը ծածանելու համար: Երևի հաջորդ փուլում արդեն կսկսեն մարդկանց թևերը ոլորել... հայերեն խոսելու համար...
Ի դեպ, ընդհանրապես «փառատոնների» մասին: Դրանց հիմնական նախաձեռնողը ԿԳՄՍՆ-ն է: Այսինքն, այդ «փառատոնների» հարցը գոնե ԿԳՄՍՆ-ի մասով կազմակերպվածները հատուկ, պետականորեն, ավելի ճիշտ՝ իշխանության կողմից նպատակային իրականացվող գործողություններ են: Եթե ԿԳՄՍՆ-ն էլ «արանքում» չկա, քպական համայնքապետները մի բան անպայման մոգոնում են՝ ճոխ սեղանով-բանով... Բարոյական առումով՝ զրոյական կետ: Մարդկային առումով՝ զրոյական կետ: Ազգային առումով՝ մինուս անվերջություն: Ի դեպ, համատարած անբարոյականության խորապատկերում որոշ միջոցառումներ չեղարկվեցին՝ նկատի ունենալով պաշարված Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը: Այսինքն, կան առանձին վերցրած անհատներ, կազմակերպություններ, որոնք իրենց առաջին հերթին մարդավարի են պահում: Ու հետաքրքիր է, որ դրանք բոլորն էլ իշխանության հետ կապ չունեցողներ են:
Եվ այդ ֆոնին է՛լ ավելի է ընդգծվում իշխանության ու նրա սազանդարների ծայրահեղ անամոթությունն ու անբարոյականությունը: Ի դեպ, այդ՝ «իշխանության բարձր հովանու» ներքո անցկացվող փառատոնների հետ կապված առանձին ուշադրություն գրավեց այն, որ, այսպես ասած, երաժշտական մասից զատ, հատուկ ընդգծվում է ձրի ուտել-խմելու հնարավորությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։