Հետևեք մեզ։

Փաշինյանի արտահայտած տեսակետները լիովին հակասում են նրա հայտարարությանը, թե «Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս». Ադրբեջանի ԱԳՆ

10:03, 25 հուլիս 2023
Փաշինյանի արտահայտած տեսակետները լիովին հակասում են նրա հայտարարությանը, թե «Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն  է տարածել՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցի հետ: Նրանք նշում են՝ Փաշինյանի արտահայտած տեսակետները լիովին հակասում են նրա հայտարարությանը, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը, ճանաչված է Հայաստանի կողմից»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետին՝ ադրբեջանական կողմը նշել է. «Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումը միջազգային իրավունքի շրջանակներում է։

Միևնույն ժամանակ, հայկական կողմի մերժումը՝ օգտագործել «Ակնա-Ստեփանակերտ» (խմբ.) ճանապարհը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար, որը առաջ քաշվեց Ադրբեջանի կողմից և դրականորեն ընդունվեց միջազգային դերակատարների, այդ թվում՝ Շառլ Միշելի կողմից, ցույց է տալիս, որ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» պնդումը չի արտացոլում իրականությունը»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է նաև, ըստ իրենց, տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ամենաանհրաժեշտ պայմանը. «Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հաստատումը խոսքով և գործով ամենաանհրաժեշտ պայմանն է տարածաշրջանում խաղաղության ապահովման համար։ Բացարձակապես անընդունելի է Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած պատրվակով պայմանավորելը, դա հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ծառայում է տարածաշրջանում լարվածության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել հայկական կողմին կատարել իր միջազգային պարտավորությունները։