Հայկական լրագրողական կազմակերպությունները դիմել էին հայկական Շուշիում անցկացվող մեդիա-ֆորումի մասնակից լրագրողներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.
«Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։ Այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ երկար ժամանակ զրկված են տարրական սնունդ ունենալու հնարավորությունից, որտեղ ծննդաբերող կանանց չեն կարող հասցնել հիվանդանոց՝ բենզինի բացակայության պատճառով, որտեղ ջրի մատակարարումը վտանգված է էլեկտրաէներգիայի սակավության պատճառով… Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում։ Մի՞թե այլևս լրատվամիջոցների խնդիրը չէ՝ ճեղքել տեղեկատվական շրջափակումները, երբ կատարվողի մասին տեղեկատվությունը գալիս է համարյա բացառապես կողմնակալ աղբյուրներից։ Մի՞թե դուք որոշել եք տուրք տալ մեր մասնագիտությանն անհարիր դյուրահավատությանը և «ըմբռնումով մոտենալ» փաստարկներին, թե իբր Ֆորումի տերերն ուրախ կլինեին օգնել ձեզ մի քանի րոպեում հաղթահարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհը, բայց տեղի հայկական ղեկավարությունը կամ ռուս խաղաղապահները ձեզ թույլ չեն տա անցնել»:
Ադրբեջանի մամուլի խորհուրդը վերոնշյալի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է.
«ՀՀ 11 լրագրողական կազմակերպություններ դիմել են ֆորումի մասնակիցներին և դրսևորել անհարիր սենտիմենտալություն, դատապարտել օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին, կոչ անել հեռանալ Շուշիից (խմբ.)։ Այն պնդումը, թե Ղարաբաղի հայ բնակչությունը գտնվում է «շրջափակման մեջ», և օտարերկրյա լրագրողներին խնդրելը բարձրացնել այդ հարցը, ոչ այլ ինչ էր, քան այս կարևոր իրադարձությունը քաղաքականացնելու փորձ։
Շուշիի (խմբ) ֆորումին մասնակցածների անունից կեղծ հայտարարությունների տարածումը և այն պնդումը, թե այդ հայտարարություններում նրանք կարծիքներ են հնչեցրել՝ ուղղված Ղարաբաղի «շրջափակման» վերացմանը, աներևակայելի է։
Շուշիի գլոբալ մեդիա ֆորումը վստահելի հարթակ է դառնում ամբողջ աշխարհում լրատվամիջոցների հիմնախնդիրների խորը քննարկման համար։ Լավ կլինի, որ հայ լրագրողները հետագայում ներկայացված լինեն այս հարթակում»։