Հետևեք մեզ։

Իրականությունը մեզ դնում է կոնկրետ ընտրության առջև. Փաշինյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

14:36, 25 հուլիս 2023
Իրականությունը մեզ դնում է կոնկրետ ընտրության առջև. Փաշինյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

Ձեզ 2 հարց ունի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց 5-րդ ալիքի լրագրողը՝ դիմելով Փաշինյանին:


«Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախը Ադրբեջան է: Ինչի՞ էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչի՞ հիման վրա, մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»,- զոհվածի հոր հարցերը հնչեցրեց լրագրողը:


Փաշինյանը պատասխանեց.


«Այդ հարցը, իհարկե, կապված տղաների ծառայութան հետ, քննարկվել է նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում: Պիտի արձանագրեմ, որ այդ որոշումը՝ տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, ես չեմ կայացրել:

Ինչ վերաբերվում է իմ նշած հայտարարությանը, հետևյալն է իմ ասածի տրամաբանութունը. տեսեք, այ Հայաստանը սենց բան պետք է հայտարարի, մեզ երբեմն թվում է, որ Հայաստանը եթե մի բան չի ստացել, ապա դա այն պատճառով է, որ Հայաստանը չի ցանկանում դա ունենալ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման խնդրին, Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ չէ, որ դա հայտարարվել է: Աշխարհում չկա մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս: Մենք ասել ենք՝ կապ չունի, որ աշխարհը այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք, ինչ-որ փուլում գուցե ես էլ եմ այդպես արել, բայց ի վերջո իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև:

Մեր խնդիրը նաև այն է, որ փորձենք ամեն ինչ անել, որ մեր հարգարժան զինվորի ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»,- ասաց Փաշինյանը: