Հետևեք մեզ։

Ես, կներեք, 29,800 քառ․կմ-ի վարչապետն եմ և էդպիսին եղել եմ միշտ․ Նիկոլ Փաշինյան

15:17, 25 հուլիս 2023
Ես, կներեք, 29,800 քառ․կմ-ի վարչապետն եմ և էդպիսին եղել եմ միշտ․ Նիկոլ Փաշինյան

 

Ձեզ թվում է, թե 1991-ին ու 1994-ին միասնություն ենք ունեցել։ 1992-ին, որ պատերազմ էր, էս դարպասների դիմաց ցույցեր էին տեղի ունենում իշխանության հրաժարականի պահանջով։ Դուք ո՞ր թիվ եք, կներեք։ 1994 թիվ եք, ես էն ժամանակ լրագրող էի Ձեր նման և լուսաբանում էի էդ ցույցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ձեզ չթվա, թե հիմա մենք պակաս միասնական ենք, քան երբևէ։ Բացարձակապես։ Մենք հիմա ավելի միասնական ենք, քան շատ երկար ժամանակ՝ մի պարզ քաղաքական իրողության բերումով․ մենք ունենք իշխանություն, որի՝ ժողովրդի կողմից ընտրված լինելը որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։ Միասնության ամենակարևոր չափանիշը դա է, դա չի նշանակում, որ բոլորս պետք է նույն տեսակետին լինենք, դա շատ վտանգավոր բան է»-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի կառավարությանը որևէ լուծում անելու արգելանքի վերաբերյալ հայտարարություններին՝ Փաշինյանն ասաց․ «Արգելել ՀՀ կառավարությանը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ փաստացի արգելել Ադրբեջանի կառավարությանը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ հնարավորություն տալ Ադրբեջանին՝ չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ  նպաստել Ադրբեջանի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելու քաղաքականությանը։ 


Մարդիկ կան, որ ասում են՝ 29,800 քառ․ կմ-անոց Հայաստանը մեզ հետաքրքիր չի։ Հայաստանում կան մարդիկ, որոնք էսպես ուղղակի չեն ասում, բայց իրենց քաղաքական խոսույթը դրա մասին է։ Սա շատ վտանգավոր խոսույթ է։ Անձամբ ինձ 29,800 քառ․կմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ միայն  հետաքրքիր է, ես, կներեք, 29,800 քառ․կմ-ի վարչապետն եմ և էդպիսին եղել եմ միշտ։ Եւ սա չարձանագրել նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունը և պետությունը լղոզել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք։ Ես էլ եմ արել, ինձնից առաջ էլ են արել։ Մեզ թվացել է, թե կյանքը տենց պարզ է, և ավանդույթ է ձևավորվել էդպիսին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։