Հետևեք մեզ։

Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում անունը Սպարտակ է, բայց դուք Սպարտակի թվի պատմություն եք պատմում. Փաշինյանը՝ Խաչատուրովի, Աշոտյանի, Տոնոյանի և Ասլանյանի կալանավորման մասին

16:16, 25 հուլիս 2023
Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում անունը Սպարտակ է, բայց դուք Սպարտակի թվի պատմություն եք պատմում. Փաշինյանը՝ Խաչատուրովի, Աշոտյանի, Տոնոյանի և Ասլանյանի կալանավորման մասին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է 1.5 տարի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝շուրջ 2 տարի, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը՝ շուրջ 1 տարի, գեներալ Գրիգորի Խաչատուրովը՝ 5 ամիս, Արմեն Աշոտյանն էլ այս պահին կալանավորված է, այսօր էլ նրա ծննդյան օրն է, կարող եք շնորհավորել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանին դիմելիս ասաց լրագրողներից մեկը:


«Այսօ՞ր, շնորհավորում եմ: Բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն այսօր է, շնորհավորում եմ»,- ասաց Փաշինյանը:


Լրագրողը շարունակեց հարցը. «Նշածս անձանց առաջադրված մեղադրանքով մեղքը ապացուցված չէ, իրավաբանական հանրությունը, շատերը այն  եզրահանգումն ունեն, որ կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց: Սրան զուգահեռ Արդարադատության նախարարությունը բերում է նախագիծ, որով առաջարկվում է զղջման ինստիտուտը կիրառել ծայրահեղ ծանր և ծանր հանցագործություններում: Ստացվում է՝ Ձեր իշխանության օրոք Կառավարությունն է որոշում՝ ով նստի, ով չնստի»:


«Ձեզ չեմ նեղացնի, որ մի անեկդոտ պատմեմ: Ներողություն եմ խնդրում, ավելի պատեհ պատասխան հիմա չունեմ: Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում անունը Սպարտակ է: Մեկը մեկին հարցնում է՝ ինչ է անունդ, ասում է Սպարտակ, ասում է՝ ինչի դու որ թիվ ես որ: Հիմա էն ինչ դուք պատմում էիք, ո՞ր թվի մասին էիք պատմում: Դուք Սպարտակի թվի պատմություն եք պատմում»,- ասաց Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ լրագրողը ասաց. «Աշոտյանը Սպարտակի թվին է՞ կալանավորվել»:

 

«Աշոտյանը Սպարտակի թվին չի կալանավորվել, բայց բոլոր նրանք, ովքեր կալանավորվել են, իրենք Սպարտակի թվի հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ կապ ունեմ էդ ամեն ինչի հետ: Ես եթե հիմա սկսեմ մեկնաբանել Ձեր ասածը, կստացվի, որ ես մեկնաբանելու բան ունեմ»,- ասաց Փաշինյանը: