Fly Arna-ի՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը շրջադարձ է կատարել Թբիլիսիի երկնքում՝ Երևան վերադարձի նպատակով: Hayastan.news-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել, այդ պատճառով է օդանավը ստիպված եղել վերադառնալ հետ` «Զվարթնոց»:
Խոսքը այսօր ժամը 18:30-ին Fly Arna ընկերության`Երևանից Սանկտ-Պետորբուրգ թռչող A320 օդանավի մասին է: Hayastan.news-ը կապ հաստատեց Fly Arna ընկերության մամուլի պատասխանատու Գայանե Անտոնյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը` նշելով. «Արտակարգ դեպք չի տեղի ունեցել, տեխնիկական խնդրի պատճառով հետ է վերադարձել, հետո կիրականացնի չվերթը: Այս պահին աշխատանքներ են տարվում»:
Հարցին` կոնկրետ ինչպիսի՞ տեխնիկական խնդիր է առաջացել, Գայանե Անտոնյանն ասաց` համակարգը անճշտություն կամ ձախողում է ցույց տվել:
Նա նաև ասաց, որ օդանավն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ թե երբ կիրականացնի դեպի Սանկտ Պետերբուրգ չվերթը, հայտնի չէ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ