Հետևեք մեզ։

Սևանի բաժնի ՁՊՎ-ից փորձել են փախցնել կալանավորին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

12:37, 26 հուլիս 2023
Սևանի բաժնի  ՁՊՎ-ից փորձել են փախցնել կալանավորին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2023թ. հուլիսի 26-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ երեք անձինք, ըստ նախնական տվյալների, երկաթ կտրող գործիքով ճաղավանդակը կտրելու միջոցով, փորձել են փախցնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի խցերից մեկում պահվող կալանավորին, ինչը, սակայն, չի հաջողվել։


Մասնավորապես, Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի ոստիկանը, իր հերթապահության ընթացքում շրջայց կատարելու ժամանակ ՁՊՎ-ի տվյալ խցի դիտանցքից նայելով, նկատել է, որ խցում պահվող կալանավորը տարօրինակ անհանգիստ վարքագիծ է դրսևորում և ներս է մտել խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ խցի պատուհանը բացվել է դեպի դուրս և դրսի կողմից լսվել է կալանավորի անվան վանկարկման բացականչություն։ Հերթապահ ոստիկանն անմիջապես դուրս է եկել խցից, փակել է դուռը բանալիով և ահազանգել կատարվածի մասին։ 


ՁՊՎ-ի տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք։


Բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նշված հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով, նույն օրը՝ ժամը 01:30-ին, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից նշված անձինք հայտնաբերվել և «MAZDA 6 GRAND TOURING 2.5L» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժին։  
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 22սմ. ընդհանուր երկարությամբ, 12սմ. բռնակով և 10սմ. երկարությամբ շեղբով, սև գույնի, գաղտնի փականով դանակ։


Դեպքի առթիվ 2023թ. հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-475-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացվել։  
  
Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: