Հետևեք մեզ։

Կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին. հայտարարություն

19:00, 26 հուլիս 2023
Կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-2-ին կմասնակցի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում է Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը.

«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ:

 

Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ` առանց ձեռնաշղթաների:

Քննիչ հանձնաժողովին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին»,- նշված է հաղորդագրության մեջ: