Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին, և հետևում է զարգացումներին:
Կառավարության կողմից կազմակերպված և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված հումանիտար բեռներով բեռնված ավտոմեքենաների շարասյունը հասել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի հարևանությամբ, երբ շարասյանը մոտեցավ Եվրամիության չորս մեքենաներից բաղկացած դիտորդական առաքելության ավտոշարասյունը։
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, թե տեղյակ են, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է հումանիտար բեռներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
«Մենք եկել ենք այստեղ՝ Հակարիի կամրջի մոտ, որպեսզի տեղում հետևենք իրադարձությունների ընթացքին։ Ինչպես և դուք, մենք նույնպես չգիտենք, կթողնի ադրբեջանական կողմը, որպեսզի հումանիտար բեռներով բեռնված մեքենաները անցնեն Լաչինի միջանցքով և մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ էլ տեղի ունենա, մենք հանգամանորեն այդ մասին կգրենք մեր զեկույցում»,- ընդգծեց Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը։
Նա հավելեց, որ տևական ժամանակ է, ինչ իրենք մշտադիտարկում են իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։
«Իրականացնում ենք բացառապես քաղաքացիական բնույթի դիտարկումներ։ Պարբերաբար այցելում ենք այն սահմանամերձ բնակավայրերը, որոնք գտնվում են հակամարտության գոտու անմիջական հարևանությամբ։ Մենք զեկուցում ենք Բրյուսելին այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այստեղ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և նպաստում այդ ուղղությամբ Եվրամիության ջանքերին։ Դա մեր հիմնական առաքելությունն է»,- ասել է նա։