Հետևեք մեզ։

Ալավերդիում փորձում են «Ախուրյանի սցենար» խաղարկել, համայնքապետից պահանջել են հրաժարական տալ. «Փաստ»

10:14, 27 հուլիս 2023
Ալավերդիում փորձում են «Ախուրյանի սցենար» խաղարկել, համայնքապետից պահանջել են հրաժարական տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, իշխանությունները Ալավերդիում նախատեսում են «Ախուրյան 2» օպերացիա իրականացնել և ամեն ինչ անել՝ համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Օրերս հայտնի դարձավ, որ ՔՊ ավագանու խմբակցությունն ամեն ինչ արել է, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու մեկ անդամ դուրս գա խմբակցությունից, ինչից հետո Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու վերջին 3 նիստերն ուղղակի տեղի չեն ունենում՝ իրականացվող բոյկոտի պատճառով։

 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադիր են նույն ոճով շարունակել և գործող համայնքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մենք տեղեկություններ ունենք նաև, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ավագանու անդամին իշխանությունները տարբեր խոստումներ են տվել, ընդհուպ՝ խոստացել են՝ իրենց աջակցելու դեպքում վերջինիս նշանակել Ալավերդու ԲԿ-ի տնօրեն։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ օրերս Ալավերդու համայնքապետարանում Լոռու փոխմարզպետն, առանց որևէ տողատակի, համայնքապետ Թամազյանից պահանջել է հրաժարական տալ և հեռանալ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունն ունեն ավագանու 13-ական մանդատ:

 

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին այս երկու կուսակցությունները, առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։