Հետևեք մեզ։

Ակնայով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք. Բորել

10:16, 27 հուլիս 2023
Ակնայով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք. Բորել

Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին ԼՂԻՄ բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչնդոտված է մնում ավելի քան 7 ամիս՝ չնայած այն վերաբացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

 

Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:

 

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրում։ Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Ակնա (խմբ.) քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

 

ԵՄ-ն նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում տուժել է և կոչ է անում վերսկսել դրանք՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները:

Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի»,-գրել է նա։