Հետևեք մեզ։

Ում մեքենայով էր պարեկի վրաերթը. ինչով է աչքի ընկել նա. մանրամասներ. «Ժողովուրդ»

10:25, 27 հուլիս 2023
Ում մեքենայով էր պարեկի վրաերթը. ինչով է աչքի ընկել նա. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վթարից րոպեներ հետո հայտնվեց Բաղրամյան պողոտայում: Իսկ ո՞վ է նա:

 

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան- Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Մենք պարզեցինք որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:

Նկատենք, որ դեպքից րոպեներ հետո մի խումբ անձանց հետ դեպքի վայր եկավ հենց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, զրուցեց ոստիկանների հետ ու գնաց:

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2 տարի առաջ Վահե Պետրոսյանը աչքի ընկավ իր հայտարարություններով՝ եկամտահարկի վերադարձի օրենքի նախագծի շուրջ: Նա հայտարարել էր, որ սա ցնցում կառաջացնի շուկայում:

«Եթե եկամտահարկի վերադարձի օրենքի նախագիծն այդ տեսքով ընդունվի, 2 տարի հետո՝ 2024 թվականից սկսած, քաղաքաշինական ծրագրերի տեմպերն էական՝ 70-80 տոկոսով անկում կունենան:

 

Ըստ նրա՝ դրա հետեւանքները կլինեն արտագնա աշխատանքի գնացող հազարավոր մարդիկ, շինարարական արտադրանքի արտադրությունների դադարեցումը եւ այլն: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ պատճառաբանելով, որ այդ ծրագիրը բյուջեի համար ծանր բեռ է դարձել:

 

Ըստ շրջանառվող նախագծի, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։