ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական էջում հրապարակվել է 2017 թվականին գրված հոդվածից մեջբերում, որում ասվում է․
«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենևին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու և երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաև Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել և տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլև իրենք՝ ղարաբաղցիները։
Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, և թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում»:
Լևոն Տեր-Պետրոսյան, 2017թ․»։
Լուսանկարում՝ նախագահ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղում, 1995թ․