ՀՀ ներքին գործերի նախարարությունը մինչև օգոստոսի 10–ը ժամանակ է խնդրել Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներից նրանց հարցին լուծում տալու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանը։
«Փոխոստիկանապետի հետ մեր հանդիպումն ավելի քան մեկ ժամ տևեց։ Պայմանավորվեցինք, որ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 3-ին կգա արձակուրդից և մեր դիմումը, որը մենք հանձնեցին նրանց, կփոխանցի Նիկոլ Փաշինյանին, ու այդ հանդիպումը, իրենց ասելով, վերջապես կկայանա։ Թեպետ ես չեմ հավատում»,– ասաց Կարինե Մանավազյանը։
Ծնողները փոխոստիկանապետին զգուշացրել են, որ եթե այս անգամ էլ նրանց պահանջը չկատարվի, ապա կրկին փակելու են փողոցները և այլևս չեն բացելու, մինչև չհանդիպեն ՀՀ վարչապետի հետ։