Հետևեք մեզ։

Չկա որևէ հայ մարդ, որը կողմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, Դուք կողմ լինելը և իրականության հետ հաշտվելը մի քիչ շփոթում եք․ Զարեհ Սինանյան (տեսանյութ)

14:41, 27 հուլիս 2023

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց՝ հումանտիար բեռները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղ հասցնելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը կարո՞ղ է ընդունելի լինել Հայաստանի համար։ «Այդ հարցին միայն կարող են պատասխանել Արցախում բնակվող մեր հայրենակիցները և նրանց կողմից ընտրված ղեկավարությունը։ Ես իրենց համար չեմ կարող պատասխանել։ Իհարկե, ինձ համար նախընտրելի է, որ մենք Լաչինով նորմալ ունենանք բաց հաղորդակցություն Արցախի հետ, որպեսզի մենք կարողանանք նորմալ կապ ունենալ մեր հայրենակիցների հետ»,-պատասխանեց Սինանյանը։

Հարցրինք նաև՝ Սփյուռքի մեր հայրենակիցները իր հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ են ասում Արցախի մասով, իրենք կո՞ղմ են, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, թե՞ դեմ։ «Ուրեմն, չկա որևէ հայ մարդ, որ իրեն հայ է համարում, որը կողմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում։ Դուք կողմ լինելը և իրականության հետ հաշտվելը մի քիչ շփոթում եք»,-ասաց նա։

Հարցրինք՝ հիմա Նիկոլ Փաշինյանը հա՞յ չէ, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Սինանյանն ասաց․ «Դուք կողմ ասելով՝ ի՞նչ եք հասկանում։ Կողմը նշանակում է, որ դու ուզում ես, որ էդպես լինի, ուրիշ բան է, որ․․․ Տեսեք, քաղաքական գործիչ լինելու պարտավորությունների մեջ մտնում է նաև պատասխանատու լինելը քայլերիդ համար»,-ասաց Սինանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ