Այն, ինչ արվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից կարող է բերել պատերազմի։ Այս մասին իր հրապարակած տեսագրությունում հայտնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա, որովհետև 85 000-100 000 ադրբեջանցի բնակեցվելու է այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։ Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, 44-օրյա պատերազմից հետո գնալ նման լուծման, սա նոր հակամարտության դուռ է բացելու, սա հարցի լուծում չէ։ Դրա համար ես պնդում եմ, որ այն ինչ այսօր ՀՀ իշխանություններն անում են, դա կարող է բերել պատերազմի։ Գիտեք, երբ դու անընդհատ խոսում ես դրա մասին, ասում ես՝ պատրաստ ես, մյուս կողմից դա անիրատեսական է, դա ձգձգվելու է, ուշանալու է, Ադրբեջանը չի համբերելու, որովհետև դու խոստացել ես, այ սա է բերելու պատերազմի»։
Վարդան Օսկանյանի խոսքով՝ այդ պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել, և դրա համար է, որ նա խնդրում է լռել։