Մոսկվայում՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումից հետո, երբ Լավրովը պատրաստվում էր ասուլիսին, 4-րդ դեպարտամենտի ղեկավարը մոտենում է Լավրովին և ինչ-որ բան է հուշում, որը լսվում է․ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը Լավրովին ասում է՝ մի խոսի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին, որովհետև ադրբեջանցիները դրանից նեղանում են, ջղայնանում են, դեմ են։ Գիտեք, ադրբեջանցիները ոչ թե այդ թեմայի բարձրացումից նեղանում են, դեմ են, այլ այդ թեմայից սարսափում են։
Այս մասին իր հրապարակած տեսագրությունում ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ երբ ինքն այդ թեման բարձրացրել է, իմացել է, թե ինչ նշանակություն ունի դա Ադրբեջանի համար։
«Սա ցույց է տալիս, որ Լավրովի մոտ եղել է այն միտքը, որ գուցե կայծը գցի։ ՀՀ իշխանությունները պետք է փորձեն այդ հարցը բերել բանակցային օրակարգ, Ադրբեջանն այդ հարցից սարսափում է, որովհետև այդ հարցը նրան դնում է լրջագույն դիլեմայի առաջ։ Նա, եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն, ԼՂԻՄ-ի սահմաններում, որում մտնում են Շուշին ու Հադրութը, ինքնաբերաբար այդ հարցերը գալիս են օրակարգ, երկրորդ՝ Ադրբեջանը գիտի, որ եթե այդ հարցը մտավ օրակարգ բանակցությունների ողջ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխվելու է,որից սարսափում է, պատկերացրեք այսքանից հետո սեղանի վրա են դրվում այլ խնդիրներ, Ադրբեջանը դրան կատաղի դեմ է։ Բայց դիլեման այն է, որ չի կարող դեմ լինել, եթե դեմ է լինում, նրա անկլավների ամբողջ պահանջը հօդս է ցնդում։ Անկլավներն ու ԼՂԻՄ-ը սովետական շրջանի ժառանգություն են, ո՞նց կարող ես ընտրովի մի հարցը բերես մյուսին դեմ, իսկ դիլեմային մյուս առավել կարևոր մասը, որ եթե դու դեմ ես լինում մի ժողովրդի, որը միջազգային իրավունքով ժողովուրդ է, ինչպես արցախցիները, նրանք իրավունք ունեն ինքնորոշման»,-շեշտում է Օսկանյանը։
Ըստ դիվանագետի՝ Հայաստանն ամեն գնով այդ հարցը պետք է բարձրացնի, հայտարարի, որ այդ հարցը բարձրացրել են, Ադրբեջանը դեմ է, պետք է ՀՀ իշխանությունը խոսի այդ մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․