Հետևեք մեզ։

Փոփոխվել է ցերեկային ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը

16:19, 27 հուլիս 2023
Փոփոխվել է ցերեկային ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը

Կառավարությունը փոփոխել է ցերեկային ծառայություն ստացող երեխաների տարիքային շեմը: Ներկայում Նախարարության ենթակայության ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություններ ստացող երեխաների տարիքային շեմը տարբեր է՝ 2-18, 3-18, ինչպես նաև 6-18 տարեկան։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կազմակերպություններում ծառայությունների տրամադրման բնույթը և ծավալը նույնն է, տարիքային շեմը խիստ տարբեր է, որի պատճառով՝ 2-3 տարեկան, իսկ որոշ դեպքերում 2-6 տարեկան երեխաների իրավունքներն ապահովելու նկատառումից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել և ծառայություն ստացողների տարիքային շեմը սահմանել նույնը։ Հարկ է նկատի ունենալ, որ գործող մեկ այլ կարգավորմամբ՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381 որոշմամբ արդեն իսկ ամրագրված է 2-18 տարեկան երեխաների խնամք ստանալու հնարավորությունը։

Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարիքին համապատասխան ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից՝ հաշվի առնելով վերջիններիս վերականգնողական ներուժը, ինչպես նաև կանխելով վերջիններիս՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հայտնվելու ռիսկը։