Գործադիրի որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը։ Նախագիծը մշակվել է հանրապետությունում գյուղատնտեսական բարձր ավելացված արժեք ապահովող արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման, գյուղատնտեսությունը որպես շահութաբեր բիզնեսի տրամաբանությամբ վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմա¬նավորված։ Նախագծով առաջարկվող ծրագրի հիմնական նպատակը՝ աջակցությամբ ջերմատնային տնտեսությունների հիմնման միջոցով նպաստել՝ ջերմատներում աճեցվող մշակաբույսերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին։
Ծրագրի իրականացման արդյունքում՝ 1) ծրագրի շրջանակում արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, 2) բերքատվության բարձրացում 2-3 անգամ՝ ավանդական եղանակով մշակվող ջերմատների նկատմամբ, մասնավորապես՝ լոլիկի դեպքում 1 քառ. մ-ի հաշվով 40-50 կգ բերքի ստացում, 3) ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում, մասնավորապես՝ 2024 թվականին՝ 6,7 հազ․ տոննա, 2025 թվականին՝ 11,3 հազ․ տոննա, 2026 թվականին՝ 15,6 հազ․ տոննա, իսկ 2027 թվականից յուրաքանչյուր տարի (մոտ 15 տարի) կապահովվի շուրջ 15,6 հազ․ տոննա լոլիկի բերք, 4) արտահանման ծավալների ավելացում, մասնավորապես՝ լոլիկի դեպքում 2025 թվականից տարեկան շուրջ 10․0 հազ տոննայով, 5) ոչ սեզոնային ամիսներին ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, 6) 1 հա ջերմատունը կստեղծի շուրջ 10-12 աշխատատեղ, իսկ 35 հա-ի դեպքում՝ 350 նոր աշխատատեղ, 7) մեր գնահատմամբ, 35 հա ջերմատան շահագործման դեպքում, պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168,0 մլն ՀՀ դրամ, իսկ 35 հա ջերմատան կառուցապատման դեպքում պետական բյուջեի մուտքերը ավելացված արժեքի հարկի գծով կկազմեն շուրջ 490,0 մլն ՀՀ դրամ։