Հետևեք մեզ։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կքննարկվի խորհրդարանական կայուն մեծամասնության նպատակահարմարությունը

16:26, 27 հուլիս 2023
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կքննարկվի խորհրդարանական կայուն մեծամասնության նպատակահարմարությունը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կքննարկվի նաև խորհրդարանական կայուն մեծամասնության նպատակահարմարությունը, հայտարարում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:


«2023 թ․ հուլիսի 18-ին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների շրջանակում կազմակերպվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների մասնակցությամբ քվեարկություն՝ պարզելու, թե Սահմանադրության որ հոդվածները պետք է թողնել անփոփոխ, իսկ որոնք կարիք ունեն քննարկման:


Քվեարկության արդյունքում որոշում է կայացվել քննարկել նաև խորհրդարանում կայուն մեծամասնության հարցը:


ԻՔՄ-ն, ի դեմս ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի, բազմիցս հայտարարել է, որ համամասնական ընտրակարգում մեծամասնության բոնուսային կարգը պետք է վերացվի, քանի որ այն աղճատում է իրական համամասնական ընտրակարգը՝ ըստ էության համամասնորեն չբաշխելով ընտրողների ձայները, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով խորհրդարանական մեծամասնությանը՝ միանձնյա որոշումներ կայացնելու, իսկ այլ ուժերի տեսակետներն ազդեցություն չեն ունենում խորհրդարանում կայացվող որոշումների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։