Արցախի Ազգային ժողովը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և կիսվել Արցախի ԱԺ հայտարարության մի հատվածով:
Սաղաթելյանի հրապարակած հատվածը՝ ստորև.
«Հատված հայտարարությունից
Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
– Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.
– Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.
– Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»։