Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, որոնք շրջանառվում են մամուլում։
Հարցին, թե ո՞ր դեպքում հրաժարական կտա, Ռուստամ Բադասյանն ասաց․ «Տեսականորե՞ն, հարյուրավոր պատճառներ կարող են լինել, հիմա ոնց թվարկեմ»։
Դիտարկմանը, թե այդ հարյուրավոր պատճառներից գոնե մեկը կա, Բադասյանն ասաց․ «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»։
Հարցին, թե ՄԻ պաշտպանի պաշտոն առաջարկե՞լ են, նա բացասական պատասխան տվեց։
Երևանի փոխքաղաքապետ, Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանի գործով իր տեղակալի հարցաքննության վերաբերյալ հարցին ի պատասխան, Ռուստամ Բադասյանն ասաց․ «Եթե չեմ սխալվում՝ այո, հարցաքննություն տևական ժամանակ առաջ եղել է, և ոչ միայն իր, գիտեմ, որ այդ գործով բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր առնչվում են պրոցեսին, հարցաքննվել են»։
Նշենք, որ խոսքն Արտյոմ Սմբատյանի մասին է, ով 2019-2021թթ․ Արսեն Թորոսյանի տեղակալներից մեկն էր։