Հուլիսի 27-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի, ՔՈԳՎ և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել:
Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս։ Ինքը ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել գողություն կատարողին։
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բալահովիտ գյուղի տներից մեկում 37-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։
Երևանի բնակիչ 37-ամյա կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։
37-ամյա կինը խանութից հափշտակել է ոսկյա վզնոց, խաչ, թևնոց
13:09, 28 հուլիս 2023