Հետևեք մեզ։

Վարորդներին հորդորում ենք հրապարակային երաշխիքներ ստանալ ՀՀ կառավարությունից, որ բեռները շարժվելու են բացառապես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով․ հայտարարություն

15:19, 28 հուլիս 2023
Վարորդներին հորդորում ենք հրապարակային երաշխիքներ ստանալ ՀՀ կառավարությունից, որ բեռները շարժվելու են բացառապես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով․ հայտարարություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավապարտադիր որոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2022թ․ դեկտեմբերի 21-ի որոշումը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2023թ․ հունիսի 22-ի բանաձեւը, կոչ է անում՝ Կոռնիձորի ճանապարհով հումանիտար բեռների մատակարարման փորձ իրականացնող դերակատարներին՝ ՀՀ կառավարությանը, Արցախի կառավարությանը, ՀՀ ոստիկանությանը, ՍԴԾ-ին, Spayka ընկերությանը, զերծ մնալ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության թակարդում հայտնվելուց, այն է՝ մարդասիրական բեռները Ակնայով (Աղդամով) Ստեփանակերտ փոխադրելը, բեռնափոխադրող SPAYKA ընկերությանը, ընկերության վարորդներին հորդորում ենք հրապարակային երաշխիքներ ստանալ ՀՀ կառավարությունից, որ բեռները շարժվելու են բացառապես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով, քանի որ առկա են ռիսկեր, որ  խաբեությամբ կամ շանտաժով ձեզ կշեղեն ճանապարհից։

 

Հարկավոր է բացառել նաև ավտոմեքենաների ղեկը այլ վարորդներին տրամադրելուց, կոչ ենք անում ԵՄ դիտորդներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ցուցաբերել հետևողականություն Բերձորի միջանցքի ապաշրջափակման և վերագործարկման հարցում։

 

Զորակցում ենք Արցախի մեր 120,000 հայրենակիցներին, ովքեր շարունակում են հաստատակամ մնալ իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը և մերժում են Ադրբեջանի կեղծ հումանիտար փորձերը՝ Ակնայից (Աղդամից) բեռներ ընդունել Արցախ, որոնք ոչ այլ ինչ են, քան ուժի եւ ուժի սպառնալիքի անմիջական կիրառման պայմաններում ինքնորոշված արցախահայությանը Ադրբեջանի կազմում բռնի ուժով ինտեգրելու ցեղասպանության քաղաքականության շարունակություն։

 

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է հավատարիմ մնալ Բերձորի (Լաչինի)  միջանցքով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքագրված հումանիտար բեռների Արցախ փոխադրման, միջանցքի ապաշրջափակման, դրա անխափան գործելու երաշխիքների ձեռքբերման օրակարգին։