Հետևեք մեզ։

Կարո՞ղ է վերջում էլ ասեք՝ Ալիևի արածների համար էլ ենք մենք պատասխանատու․ Իշխան Սաղաթելյանն՝ Արցախում իշխանությունների հետ պատասխանատվություն կիսելու մասին

17:25, 28 հուլիս 2023
Կարո՞ղ է վերջում էլ ասեք՝ Ալիևի արածների համար էլ ենք մենք պատասխանատու․ Իշխան Սաղաթելյանն՝ Արցախում իշխանությունների հետ պատասխանատվություն կիսելու մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հայտարարել է, որ վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու՝ իր անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն վերցնելով և հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Մի քանի օր է՝ մամուլում գրվում է, որ Թովմասյանի փոխարեն պատրաստվում են առաջադրել Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

 

Hayastan.news-ը հետաքրքրվեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից, թե ինչպե՞ս մեկնաբանի իրենց կուսակցի՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ լուրերը։

 

«Այս պահին այնտեղ Ազգային ժողովի գործող նախագահ կա, երբ հրաժարական կտա և կլինի պաշտոնական առաջարկ, այն ժամանակ իմ տեսակետը կհայտնեմ, հիմա ավել բան ասել չեմ կարող»,-ասաց Սաղաթելյանը։

 

-Մամուլում այսօր գրվել էր, որ եթե «Դաշնակցությունը» համաձայնի Իշխանյանին առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ապա նախ նա պետք է ընտրվի Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ձայներով, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն պաշտոն ստանալուց հետո պարտավորվում է հավասարապես պատասխանատվություն կիսել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության համար։ Դուք սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

 

-Կարո՞ղ է վերջում էլ ասեք՝ Ալիևի արածների համար էլ ենք մենք պատասխանատու։ Եթե կլինի առաջարկ, կքննարկենք, մեր դիրքորոշումը, մեր որոշումը կհայտնենք։

 

-Այս պահին չկա հրաժարական, բայց Թովմասյանը արդեն հայտարարել է, որ վաղը տալու է հրաժարականը։ Այսինքն՝ հեռու չէ այն պահը, որ պետք է նոր թեկնածուի հարց առաջ քաշվի։

 

-Հայտնի է, որ վաղը հրաժարական է տալու, հենց պաշտոնական առաջարկ կլինի, կքննարկենք, մեր որոշումը կհայտնենք։

 

-Ի դեպ, Արցախը ուղարկվող հումանիտար բեռը երկու օր է՝ կանգնել է Կոռնիձորում և չի կարողանում հասնել Արցախ։ Այսօր էլ ԱԳ փոխնախաարրի մակարդակով գնացել այնտեղ ճեպազրույց էին տալիս, մեղադրում էին Ադրբեջանին, որ չեն թողնում Արցախ բեռ ուղարկվի։ Դուք այս ամենն ինչպե՞ս եք գնահատում։

 

-Այսօրվա իրավիճակը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, և հիշեք՝ Արցախը ավելի խորը բլոկադայի մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի հերթական ազգադավ հայտարարությունից հետո։ Այս ամեն ինչը իրենք են ստեղծել, և իրենց հայտարարություններով փորձում են լեգիտիմացնել Ալիևի այսօրվա ագրեսիան, շրջափակումը և էթնիկ զտման քաղաքականությունը։ Մենք հույս ունենք, որ չնայած այդ ամենին՝ միջազգային հանրությունը չի կուրացել, ամբողջությամբ չի հրաժարվել այն արժեքներից, որի մասին բազմիցս հայտարարել են և գործուն քայլեր կձեռնարկեն ագրեսով Ադրբեջանին համապատասխան ճնշումներին ենթարկելու և առնվազն այդ բեռը տեղ հասցնելու ուղղությամբ։

 

-Միջազգային հանրությունից որոշակի արձագանքներ կան արդեն, և իշխանական քարոզչամիջոցները դա ներկայացնում են որպես հայկական դիվանագիտության կողմից հզոր քայլ, թե ինչպես նրանք հումանիտար բեռով բարձված մեքենաները տարան կանգնեցրին այնտեղ՝ այդպիսով ստիպելով, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տա, հայտարարույթւոններ տարածի։

 

-ԱԳՆ-ի վարած քաղաքականության հետևանքով ունենք արդեն յոթ ամիս շրջափակված Արցախ, և բանակցությունների սեղանին վաղուց չկա հայկական օրակարգ։ Եթե գլուխ գովելու բան ունեն, թող գովեն, բայց փաստն ու իրականությունը սա է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ