Հետևեք մեզ։

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Հակարիի կամրջի շրջակայք

22:44, 28 հուլիս 2023
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Հակարիի կամրջի շրջակայք

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները այցելել են Հակարիի կամրջի շրջակայք:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության հումանիտար աջակցության առաքումը ԼՂ:
Հակարիի կամրջի շրջակայք այցից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը Գորիսում հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնավորապես, նշել է. «Իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Եվ սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով գետնի վրա: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում խափանված է էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում: Արդեն տևական ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղում կա սննդի լրջագույն պակաս, դեղորայքի լրջագույն պակաս, բառացիորեն բոլոր իրավունքները, որ մարդիկ պետք է ունենան, այս պահին շարունակում են ոտնահարվել:
Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը` մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին` բացելու Լաչինի միջանցքը, այլև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռներին, համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
Ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների կողմից և այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար՝ ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող, և հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր այստեղ հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ: Մենք ակնկալում ենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել և բացել Լաչինի միջանցքը»:

Վերլուծական