Հետևեք մեզ։

Հուլիսի 26-ին զինծառայողին մահացու վիրավորում հասցրել է ծառայակիցը. վերջինս զղջացել է կատարած արարքի համար

12:42, 29 հուլիս 2023
Հուլիսի 26-ին զինծառայողին մահացու վիրավորում հասցրել է ծառայակիցը. վերջինս զղջացել է կատարած արարքի համար

 

2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևովորվել քննչական խումբ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:

Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:   

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ