Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե նա համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ իր բազմահազարամյա պատմության մեջ Հայաստանը երբեք կդասատրի վկայական չի ունեցել։
«Իսկ կադաստրի վկայական ասվածը մենք ո՞նց հասկանանք, կադաստրի վկայական յուրաքանչյուր պետություն ունի իր տարածքով, որպես այդպիսին՝ գրանցում չի կատարվում, չկա էդպիսի պրակտիկա ամբողջ աշխարհում, որ պետությունը պետք է գրանցում ունենա կադաստրի վկայականով»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
-Այդ դեպքում Դուք Նիկոլ Փաշինյանի ասածն ինչպե՞ս եք հասկացել։
-Պարոն Փաշինյանի ասածը ես հասկանում եմ որպես ՀՀ տարածքի սահմանազատում, սահմանագծում։ Այսինքն, եթե պետությունը իր հարևանի հետ չունի սահմանազատում կամ սահմանագծում, որը կանոնակարգվում է արդեն այդ միջազգային պայմանագրերով և այլնով, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև այս իր հարևան պետությունների հետ, այդ թվում՝ Վրաստանի հետ, Թուրքիայի և Իրանի, չնայած՝ Թուրքիայի հետ ունենք, չի ունեցել վերջնական այն կոնտուրները, որոնք կնշեն՝ որն է իրականում տեղում հենց ամրագրված։
-Ստացվում է՝ մեր հարևան Վրաստանը նույնպես չունի, որովհետև իրենք էլ մեզ հետ չունեն այդ սահմանազատումը և սահմանագծումը։
-Այ դրա համար էլ ստեղծվել է հենց այն աշխատանքային խումբը, որը մեզ մոտ էլ է ստեղծված, մեր հարևան Վրաստանում և Ադրբեջանում էլ է ստեղծված, և այդ աշխատանքային խմբերը համատեղ պետք է աշխատեն, այդ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները հասցնեն ավարտին, որից հետո միջազգային ասպարեզում մենք կարող ենք ասել, որ կա արդեն ակտ՝ ստորագրված երկու պետության կողմից, ոնց որ, օրինակ, եթե Դուք այսօր գալիս եք Ձեր հողը ուզում եք գրանցել՝ քարտեզի հետ խնդիր եք ունենում, մենք ասում ենք՝ Ձեր հարևանի համաձայնությունն էլ պետք է ներկայացվի, որովհետև Դուք Ձեր հարևանի հետ ունեք սահմանային վեճ։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ