Իմ հայրը հավասարակշռված, զուսպ, բարիության կերպար է, նույնիսկ, եթե այդպիսի դեպքեր պետք է հանձնարարեին նրան կատարել, նա նույնիսկ ադրբեջանցու հանդեպ այդպես չէր վարվի։ Այն, ինչ ներկայացրել է ադրբեջանական կողմը, կեղծ է, տարածվող լուսանկարները ևս հորս հետ կապ չունեն։ Հիմա դուք պետք է ինձ օգնենք, որ հայրիկիս վերադարձնենք, այնտեղ կարող է լինել յուրաքանչյուրիս հայրը, մենք ուժեղ ազգ ենք, մենք միասնական ենք, մեր միասնականությամբ, ես վստահ եմ, մենք հաղթելու ենք, հայրիկիս ենք վերադարձնելու։
Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրա դուստրը։
Նրա խոսքով՝ նա դիմում է բոլորին, նույնիսկ Ադրբեջանի դատախազությանը, ճշտեք ձեր հրապարակած նյութերը․ «Հայրս այդպիսի հանցանքներ չի արել, նա տեսակով այդպիսին չէ»։
Ինչ վերաբերում է ընտանիքի հետ կապ հաստատելուն, Վագիֆ Խաչատրյանի դուստրն ասաց, որ կազմակերպությունից զանգահարել են իր քրոջը և ասել, որ իրենց հայրը Բաքվի հիվանդանոցում է․ «Այնպես են ասում, ոնց որ լավ բան է, ես նրան ուզում էի այստեղ բուժել, նա բաց վիրահատություն պետք է տաներ, ես նույնիսկ չգիտեմ իմ հոր սիրտը դիմացել է, թե չկա»։
Ինչ վերաբերում է տարածված լուրին, թե նա Սամվել Բաբայանի վարորդն է, դուստրը հերքեց։
Նա ասաց, որ բոլոր միջազգային կառույցներին դիմում է խնդրանքով, որ իր հայրիկին վերադարձնեն։