Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել գովազդային հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
«Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն համապատասխանում գովազդի սահմանմանը մինչդեռ Երևան քաղաքում այս պահին առկա են բազմաթիվ նմանատիպ գովազդային վահանակներ:
Միևնույն ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից անհիմն խոչընդոտվում է «Մի՛ հանձնվիր», «Մի՛ համակերպվիր», «Պայքարի՛ր» արտահայտությունների տարածումը, որոնք միտված են հասարակության զորեղացմանը, իրենց հիմքում ունենալով խորքային նվաստացումը, ստորացումն ու անզորությունը արժանապատվության և պայքարի օրակարգով փոխարինելուն»,-ասված է հայտարարության մեջ։
Գովազդային պաստառի նմուշները և Երևանի քաղաքապետարանի պատասխանը գովազդային ընկերություններին՝ ստորև.