44-օրյա պատերազմից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած Գոռ Գևորգյանը միացել է «Ապրելու Երկիր» կուսակցությանը։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
44-օրյա պատերազմի հետևանքները ոչ միայն գոյաբանական վտանգի առջև են կանգնեցրել Արցախը և արցախայությանը, այլև խարխլել են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ոտնահարելով պետության սուբյեկտայնությունը և ինքնիշխանությունը:
Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և Արցախի շուրջ ստեղծված օրհասական վիճակը պայմանավորված են նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությանը հաջորդած զարգացումներով, այդ թվում՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով. ընտրությունները ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև հետևանքներ:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններն առաջին հերթին քաղաքական են և պետք է պայմանավորեն մեր պետության ռազմավարական ապագան, ինչպես նաև Արցախի հարցում անելիքները:
Ակնհայտ է, որ Երևանի հավաքական անվտանգությունը եղել և մնում է փոխկապակցված Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անձեռնմխելիության և անառիկության հետ:
Հավատարիմ մնալով Հայաստանին և Արցախին ծառայելու գաղափարին և համոզմունքներին՝ որոշել եմ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում»։