Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ հատուկ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար
«Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար:
ArtsakhX հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ (End-to-End) գաղտնագրված ձևով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո և տեսազանգեր: Ի տարբերություն այլ հայտնի մեսենջերների՝ ArtsakhX-ում հաղորդագրությունները, ֆայլերը, զանգերը չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափել հաքերային հարձակումներից։
«Տվյալների ցածր օգտագործման ռեժիմը» թույլ է տալիս հաղորդակցվել նույնիսկ ցածր թողունակությամբ, ոչ կայուն և նույնիսկ աշխարհից անջատված համացանցի բացակայության դեպքում։ Նշված համակարգի աշխատունակությունը ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։ Այսինքն՝ այն կգործի նաև Արցախի Հանրապետությունից դուրս կապի խափանման, ընդհատման դեպքում։
Ինչո՞ւ օգտագործել ArtsakhX հաղորդագրությունների հավելվածը
Բոլոր հաղորդագրությունները մաքսիմալ պաշտպանված են՝ սկզբից մինչև վերջ.
Համակարգը պաշտպանված է հսկողությունից և հաքերային հարձակումներից.
Լրիվությամբ գաղտնագրված տեքստեր, ֆայլեր, ձայնային զանգեր և տեսազանգեր.
Խմբային զրույցներ, բարձր որակի աուդիո և տեսազանգեր.
Ինտերնետ տրաֆիկի խնայողություն՝ «Տվյալների ցածր օգտագործման ռեժիմի» կիրառմամբ.
Հնարավորություն շփվել նույնիսկ ցածր թողունակությամբ և/կամ տատանվող ինտերնետ կապի պարագայում.
Պետական մարմիններից հրատապ ու նպատակային ծանուցումներ ստանալու հնարավորություն:
Օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով։
Շնորհակալություն Zangi ընկերությանը «ArtsakhX» համակարգը անհատույց սկզբունքներով ստեղծելու և սպասարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։