«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին։
Իբր մտահոգվելով շինարարական փոշու և աղբի մեջ կորած Երևանի մասին, քաղաքապետարանը հպարտորեն հայտարարում է, թե շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջներ է ներդնելու։ Բայց մոռանում է երևանցուն բացատրել թե ինչպե՞ս և ինչո՞ւ է շինթույլտվություններ շռայլում։
Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը։
Երևանը վերադառնում է 2000-ականներ, երբ քաղաքի ամեն փոքր հատվածը ծայառում է բացառապես բիզնես և անձական շահերի։ Ընդհանրապես, երբ գնում ես քաղաքի տեսքի աղճատման հետքերով, մանավանդ բակերում, մայթերի վրա, մեծամասամբ հասնում ես ինչ-որ ժամանակ ընտրական գործընթացի ինչ-որ մասնակցի, երբ իշխանության համար ձայներ ապահովելու դիմաց ինչ-որ մեկն արժանացել է «պարգևի»՝ ստանալով Երևանից մի կտոր՝ հանուն սեփական բարեկեցության։
Կարգերն ու բարքերը, փաստորեն, չեն փոխվել։ Նույն ագահությամբ քաղաքի վերջին հանրային տարածքները որպես փոխհատուցում տալիս են մի քանի հարյուր ձայնի համար…»։