Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացնում ենք հատվածաբար․
Եվրոնյուզ-Ուզում եմ հարց տալ ներկայիս խաղաղության բանակցությունների մասին։ Դուք հենց նոր եք վերադարձել Բրյուսելից, որտեղ հանդիպեցիք Ադրբեջանի նախագահի հետ։ Մի քանի անգամ ևս հանդիպել եք նաև ԵՄ միջնորդությամբ։ Խաղաղության այս բանակցությունները շատ մարդկանց տևական խաղաղության հույս են տվել։ Որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր։
Նիկոլ Փաշինյան – Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի: Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ:
Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում:
Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն: