Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա ափսոսանքով ընդգծեց, որ հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված այս պահին փոփոխություններ չկան, սակայն, նկատվում է միջազգային հանրության կողմից իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ: «Մասնավորապես, ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների և կոչերի: Այս ուղերձներում հիմնականում շատ հստակ և հասցեական մատնանշվում է և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե ութ ամիս փակված վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»,- շեշտեց Վարդան Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև Արցախում տեղի ունեցող ծանր դեպքերին՝ նշելով, որ հացի հերթում մարդիկ են ուշաթափվում: «Կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս, մինչդեռ կրկին մեր հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատարներով, որտեղ կա ալյուր, որը կարող է նպաստել նրան, որ հիշյալ միջադեպը տեղի չունենան հացի հերթի մեջ, կա դեղորայք, որը կարող է այդ կարիքները հոգալ, դեռևս մնում է անշարժ, և ուղեբեռը փաստացի չի հասնում իր նպատակին»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա և տեղաշարժի հետ կապված նույն իրավիճակն է: