Ինչպես հայտնի է, հայկական կողմը դեռևս փետրվարին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ փոխանցել էր իր առաջարկն Ադրբեջանին, և երկու-երեք օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքն այդ նախագծի վերաբերյալ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կա արդյո՞ք առաջընթաց, այո, որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց որքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության ու հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքների նկատմամբ պահանջներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար։ Հաջորդը, մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներուվ Ադրբեջանը փորձում է ցեղասպանության կամ էթնիկ զտումների մանդատ ձեռք բերել, դա ևս կարմիր գիծ է։ Մենք այս ամենը տեսնում ենք, սա մեր ընկալումն է, բնականաբար բառացի գրած չէ»,-ասաց Փաշինյանը։
Հաջորդ խնդիրն, ըստ Փաշինյանի, այն է, որ Բաքուն հետապնդում է այնպիսի գիծ, որ անգամ ստորագրված պայմանագրի երաշխիքների համակարգ չլինի, սա ևս կարմիր գիծ է հայկական կողմի, համար։ Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ է ստորագրված և ըստ դրա, Լաչինի միջանցքը պիտի փակ չլիներ, բայց փակ է։