Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը

12:13, 02 օգոստոս 2023
ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը

 

ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս Մաքսակետ  ժամանած բեռանատարը, որը վարել է  ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: 


Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության  արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ  11 միլիոն դրամ:  


Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ  հասնելուց 2 օր անց:  ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը  «հետ է կանչվել»,  ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։


Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում։