Հետևեք մեզ։

Կարմիր Խաչը կարող էր շատ կոշտ կերպով կանխել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը. ըստ իրավապաշտպանի՝ ԿԽՄԿ-ն գերզգուշավոր դիրքերից է հանդես գալիս, որ շարունակի գործել Ադրբեջանում

16:44, 02 օգոստոս 2023
Կարմիր Խաչը կարող էր շատ կոշտ կերպով կանխել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը. ըստ իրավապաշտպանի՝ ԿԽՄԿ-ն գերզգուշավոր դիրքերից է հանդես գալիս, որ շարունակի գործել Ադրբեջանում

 

Ադրբեջանը, նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որևէ ինֆորմացիա չտրամադրեց Կարմիր Խաչին և Կարմիր Խաչի մարդասիրական առաքելության միջոցով խաբեությամբ Արցախի իշխանության յուրիսդիկցիայից բերեց Ադրբեջանի յուրիսդիկցիա: Մարդու իրավունքների տեսանկյունից սա համարվում է արտակարգ հանձնում, կա խոշտանգումների վտանգ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝խոսելով ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին:


«Վագիֆ Խաչատուրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզության ենթարկվող անձանց ցուցակում՝ Ադրբեջանը առնվազն պետք է տեղյակ պահեր Կարմիր Խաչին, Կարմիր Խաչն էլ պետք է այդ մասին տեղեկացներ Վագիֆ Խաչատրյանին և ընտանիքի անդամներին: Ադրբեջանը Կարմիր Խաչին օգտագործել է: Կարմիր Խաչը կարող էր տեղում շատ կոշտ կերպով կանխել միջադեպը: Մենք չունենք պարզաբանում, որ նրանք ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է միջոցներ, որ միջազգային բարձր օղակների ներգրավմամբ այս միջադեպը կանխվեր»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ ԿԽՄԿ-ն գերզգուշավոր դիրքերից են հանդես գալիս, որպեսզի ապահովեն իրենց շարունակական գործունեությունը Ադրբեջանում:


Սահակյանի դիտարկմամբ՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգման միջադեպով Կարմիր խաչը գիտակցված կամ չգիտակցված կերպով դարձավ այն համագործակցող սուբյեկտը, որի միջոցով նախապատրաստվեցին և իրականացվեցին մարդու իրավունքների խախտումներ: 


«Եթե չլիներ Կարմիր խաչն իր մանդատով, ապա Վագիֆ Խաչատրյանը չէր հայտնվի Ադրբեջանի իրավազորության ներքո և Ադրբեջանը չէր ունենա նրան հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների ենթարկելու  հնարավորություն»,- նշեց նա։