Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ նորաստեղծ ընտանիք ունեցող Սուրեն Պապիկյանը բնակարան է ձեռք բերել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա, հարցին, թե ինչպե՞ս է, որ Պապիկյանը 412000 դոլար արժողությամբ բնակարանը ձեռք բերել 168 000 դոլարով՝ «Ջերմուկ Գրուպ»-ից, ում սեփականատիրոջ որդին ազատվել էր բանակից, ապա դարձել ՔՊ-ական ու դարձել Ջերմուկի քաղաքապետ։
Հարցին, թե արդյո՞ք այստեղ Փաշինյանը կոռուպցիա չի տեսնում, նա ասաց․«Ես ձեզ առաջարկում եմ, եթե դուք ճիշտ եք, ես ձեզ խոստանում եմ, բանկի հետ բանակցեք, 300 000 դոլարով գնեք այդ տունը և 400 000 դոլարով վաճառենք, երբ վաճառեք, կիմանանք, որ դուք ճիշտ եք, համ էլ 100 000 մաքուր շահույթ կունենանք։ Ես առաջարկում եմ գնալ այս ճանապարհով, ես ներողություն եմ խնդրում Պապիկյանից՝ իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ նա այդ տունը վաճառի ձեզ»։
Նա նաև նշեց, որ ինքը մեկ տարի է ուզում է իր տունը վաճառել և չի կարողանում իր ուզած գնով վաճառել։
Լրագրողի դիտարկմանը, թե ինքը հարցը տալով այլ ենթադրություն ուներ, թե Փաշինյանը իրավապահներին կառաջարկի ստուգումներ անցկացնել, բայց այս անգամ Փաշինյանը մտածեց, որ իրավապահների գործերին պետք չէ միջամտել և հարց ուղղեց ասուլիսին ներկա լրագրողներին։
«Մի հարց տամ, ներողություն խնդրելով․ 2018-ից մինչ օրս 25000 մարդ նորակառույց է գնել, ներկաների մեջ կա՞ն մարդիկ, որ բնակարան են ձեռք բերել, կա՞ն, կոռուպցիայո՞վ եք զբաղվում։ 25 000 մարդ, և 5-10 նախարար, ես լավ զգացի, որ նախարարը տուն է գնել, լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է կազմել, ես էլ ուզում եմ տունս վաճառել,հույսս Աշոտն է»։