Վթարվել էր «Արզնի 1» ջրատարը, «Վեոլիա Ջուրը» հայտնել է Երևանի երեք վարչական շրջանում ջուր չլինելու պատճառը։
«Երեկ առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել:
Սրանով էլ պայմանավորված՝ այսօրվանից մինչև օգոստոսի 3-ը ջրանջատում է հայտարարվել Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում:
Վեոլիա Ջուր ընկերության «Երևան» շահագործման տնօրինության «Արաբկիր», «#Զեյթուն», «Մաշտոց», «Կենտրոն» տեղամասերի մասնագետներն անմիջապես սկսել են վթարավերացման աշխատանքները:
Այս պահին ՎեոլիաԹիմը վերականգնում է ջրատարի տակ առկա հողային շերտը, որից հետո նոր կսկսվեն խողովակաշարի մոնտաժման աշխատանքները: Անհրաժեշտության դեպքում ՎեոլիաԹիմը կաշխատի ամբողջ գիշեր՝ մինչև աշխատանքն ավարտվի ու վերականգնվի բնակավայրերի ջրամատակարարումը»:
Ավելի ուշ ընկերությունից հայտնել են, որ գիշերն աշխատանքները շարեւնակվել են, որպեսզի լուսադեմին սկսեն ջրատարի վերագործարկման աշխատանքները։