Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանը, որը Ազգային ժողովում երբեմնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանի փեսան է, գնել է Հայաստանում չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող «Չեխ ավտո» ընկերությունը։
Hayastan.news-ի հետ զրույցում մեր այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ Արտավազդ Սարգսյանը՝ նկատելով․ «Ես էդտեղ ունեմ շատ փոքր՝ մինչև 15 տոկոս բաժնեմաս»։
Մյուս 85 տոկոսը, ըստ նրա, կազմակերպություն է ձեռք բերել, որի անունը, սակայն, չցանկացավ բացահայտել, նաև «չէր հիշում էս պահին»։ Գործարքը նոր է տեղի ունեցել՝ շուրջ երկու ամիս առաջ։
Նշենք, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն մինչ այդ պատկանում էր Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին, որն էլ վաճառել է այն։ Թեպետ Արտավազդ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես չեմ կարող ասել՝ դա իրենն էր, թե չէ, քանի որ սեփականատիրոջ անունը ուրիշ էր, եթե չեմ սխալվում՝ Ալվինա, ազգանունը չեմ հիշում, բայց իր հետ կապված մարդ էր, համենայնդեպս»։
Սարգսյանը չնշեց նաև, թե ինչու է ցանկացել ձեռք բերել «Չեխ ավտո» ընկերության բաժնետոմսսերը ու որքան է կազմել գործարքի արժեքը՝ համարելով դա կոմերցիոն գաղտնիք։ Մեր տեղեկություններով, սակայն, որ խոսքը մոտ 3 մլն դոլարի մասին է, միայն թե պարզ չէ՝ ամբողջ 100 տոկոսի՞ արժեքն է դա, թե՞ միայն Ա․ Սարգսյանի բաժնեմասի։
Հիշեցնենք, որ Հայաստանում պարեկային ծառայության ներդրման առաջին փուլում Երևանում ծառայությունը կազմակերպելու համար ոստիկանությունը հենց «Չեխ ավտո» ընկերությունից էր ձեռք բերել իր Skoda Octavia մեքենաները, որոնք հետո, ինչպես փորձը ցույց տվեց, չարդարացրին իրենց՝ հաճախակի խափանվում էին, ոստիկանական հավելյալ սարքավորումների տեղադրումը խնդիրներ էր առաջացնում մեքենայի մյուս ագրեգատների համար, ինչն էլ հանգեցնում էր տեխնիկական խափանումների։ Արդյունքում տասնյակ մեքենաներ մինչ այս պահը խափանված են ու չեն շահագործվում։ Դրանց մի մասը այսօր էլ կարելի է տեսնել Արշակունյաց պողոտայում գտնվող «Չեխ ավտո» ՍՊԸ-ի ավտոսրահի դիմաց։ Դրանից հետո, արդեն մարզերում պարեկային ծառայությունը կազմակերպելու համար հայրենի ոստիկանությունը որոշեց մեքենաներ ձեռք բերել արդեն «Տոյոտա Երևան» ընկերությունից, խոսքը Toyota RAV 4, Toyota Fortuner արտաճանապարհայինների և Toyota Camsry սեդանի մասին է, որոնք այսօր սպասարկում են ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերը։ Բայց մենք տեղեկացանք, որ Ներքին գործերի նախարարությունը մյուս մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի համար նորից Skoda մակնիշի մեքենաներ է պատրաստվում ձեռք բերել դարձյալ «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, ինչը ևս մեզ հետ զրույցում հաստատեց Արտավազդ Սահակյանը։ Նա նաև նշեց, որ մեքենաների մատակարարումը դեռ չեն սկսել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ