Հետևեք մեզ։

«Նիկոլ Փաշինյանը ե՞րբ դարձավ հայ ժողովրդի «սրբազան կովը», որի դեմ ցույց անել չի կարելի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

18:09, 03 օգոստոս 2023

 Հայաստանի իշխանությունները «Զվարթնոց» օդանավակայանում հերթական հային արգելել են մուտք գործել հայրենիք։ Այս դեպքում թիրախում ամերիկաբնակ մեր հայրենակցուհի Արենի Մարկոսյանն էր, որը Լիբանանից Հայաստանով փորձում էր մեկնել ԱՄՆ։ Նրան արգելել են մտնել Հայաստան, որ հետո նա այստեղից կարողանա մեկնել ԱՄՆ՝ չներկայացնելով որևէ պատճառաբանություն։ Մի քանի ժամ պահելուց հետո նրա համար հետադարձի տոմս են գնել և ուղարկել հետ՝ Լիբանան։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը, ով «Զվարթնոց» օդանավակայանում էր և ուղիղ եթերով ներկայացնում էր իրավիճակը, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ սա արդեն վեց, թե յոթերորդ դեպքն է, որ ՀՀ իշխանությւոնները սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին արգելում են մուտք գործել Հայաստան։

Նրա խոսքով՝ բոլոր այդ անձանց միավորում է այն, որ նրանք բոլորն էլ Սփյուռքի տարբեր հայաշատ վայրերում պայքարում են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար և դեմ են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նա նաև նշեց, որ նրանց մեծ մասը, այդ թվում՝ Արենի Մարկոսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներ են։ Դիտարկմանը, թե Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ճեպազրույցներում չի թաքցրել, որ այդ անձինք Եվրոպա կատարած այցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող մեքենարի վրա ձվեր նետած ցուցարարներն են, ու դա է Հայաստան նրանց մուտքն արգելելու պատճառը, Վարդանյանը հակադարձեց․ «Նիկոլ Փաշինյանը ե՞րբ դարձավ հայ ժողովրդի «սրբազան կովը», որի դեմ ցույց անել չի կարելի»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ