Հենց այս պահին ԼՂ ժողովուրդն առերեսվում է գոյաբանական խնդրի հետ, որն այնտեղ առաջացել է Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևանքով: 7 ամսից ավելի է Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը որը ԼՂ համար աշխարհի հետ կապի միակ ուղին է։
Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։
«Սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել: Սակայն այսօր ևս մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մայրերը չեն կարողանում սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, դեղորայք` հարազատների համար, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում» ,-ասաց նա։
Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքը փակվել է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, որը եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների խախտում է, իսկ դրանից հետո 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
«Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ընդհատվել է սննդի, դեղորայքի մատակարարումը՝ ստեղծելով ամբողջական հումանիտար ճգնաժամ: Գազի և էլեկտրականության մատակարարման ընդհատումը խաթարել է տրանսպորտի, առողջապահական և այլ կարևոր կառույցների աշխատանքը՝ խախտելով մարդկանց հիմնարար իրավունքները»,-իր ելույթում նշեց Գևորգյանը։
«Անգործության գինը շատ բարձր է: Այս զանգվածային բռնությունը կարող է և պետք է կանխարգելել և դադարեցնել: Կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա ԱԽ-ին ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ դատարանի որոշումներին և միջազգային հումանիտար օրենքներին ամբողջական ենթարկվելը»,-ասաց փոխնախարարը` նշելով հումանիտար աղետի ողջ հետևանքները։