Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել։
«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել,ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,- մասնավորապես հայտարարել էր Սերժ Սարգսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երրորդ նախագահի այս հայտարարությունը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Գիտե՞ք՝ ինձ ինչն է դառնացնում։ Ես հիմա չեմ ուզում էլի նախկին կամ ներկա խոսակցության մեջ մտնել, բայց պետք է ասեմ։ Ինձ դառնացնում է այն, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել։ Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել ու այդքան անլուրջ գտնվել։ Դուք հասկանու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ իրենք զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ է, որ 2018 թվականից հետո զենք չի գնվել։ Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն։ Կարո՞ղ է ձրի զենքը նկատի ունեն։ Չասեմ, թե ձրի զենքը ի՞նչ է»։
Նրա խոսքով՝ Հայաստանը 2018 թվականից հետո գնել է այնքան զինամթերք, որքան նախորդ 10 տարին միասին վերցրած։ Նշենք, որ նման հայտարարություն արել էր նաև Փաշինյանի թիմակիցներից մեկը, սակայն «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել էր և հայտնել, որ դա չի համապատասխանում իրականությանը։