ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է այսօր` ժամը 05։30-ի սահմաններում։ Նշվել է, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է դի։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կամրջից նետվել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև տղայի բջջային հեռախոսը, որում երկտող է եղել այն մասին, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։
Ըստ աղբյուրի՝ երիտասարդը վերջերս է վերադարձել Եվրոպայից։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։