Հետևեք մեզ։

Ավելի քան 13 մլն դրամ է ծախսվել Ալեն Սիմոնյանի և մյուսների՝ Լոնդոն կատարած այցի վրա. գումարը չի ներառում ներկայացուցչական ծախսերը

21:32, 05 օգոստոս 2023
Ավելի քան 13 մլն դրամ է ծախսվել Ալեն Սիմոնյանի և մյուսների՝ Լոնդոն կատարած այցի վրա. գումարը չի ներառում ներկայացուցչական ծախսերը

2023 թվականի հունիսի 6-9-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) էր գործուղվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը՝ բավականին լայն հետեւյալ կազմով, որում ընդգրկված էր նաև ընդդիմաիդր պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը։

 

Պատվիրակության կազմը այսպիսին էր՝

Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ

Ռուբեն Ռուբինյան՝

ԱԺ նախագահի տեղակալ

Հայկ Կոնջորյան՝

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար

Արթուր Խաչատրյան՝

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Սոնա Ղազարյան՝

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Աշխեն Հայրապետյան՝

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Ծովինար Խաչատրյան՝

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Տիգրան Սեյրանյան՝

Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր Մխիթարյան՝

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արման Մկրտչյան՝

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հունիսի 4-9-ը)

Զաբելա Ղազարյան՝

Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ

Դավիթ Հակոբյան՝

Լուսանկարիչ-օպերատոր

Հրայր Քալաշյան՝

Հեռուստաօպերատոր

 

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այս այցը համացանցում այդ օրերին շատ քննարկվեց ու քննադատվեց, որովհետև ԱԺ նախագահը իր հետ Լոնդոն էր տարել նաև իր կնոջը՝ Մարիամ Մարգարյանին։ Ու թեև Ալեն Սիմոնյանը փորձեց արդարանալ, թե իր կինը բյուջեի հաշվին չի մեկնել իր հետ Լոնդոն, բայց մոռացավ նշել, որ կինը իր հետ Լոնդոն էր մեկնել ոչ թե տուրիստական շրջագայության, այլ պաշտոնական հրավերով, պաշտոնական պատվիրակության կազմում և պետական արարողակարգով, ինչպես նաև մնացել էր պետական միջոցների հաշվին ամուսնուն հատկացված հյուրանոցային համարում, մինչդեռ, եթե նրանք երկուսով առանձին մեկնեին Անգլիա՝ զուտ Լոնդոնը իրենց անձնական նախաձեռնությամբ տեսնելու, ապա ստիպված էին լինելու վճարել երկու հոգու տոմսի, գիշերակացի և այլ ծախսերի համար, իսկ այս դեպքում նրանց ծախսերը կրճատվել են, դեռ մի բան էլ ամուսինը՝ Ալեն Սիմոնյանը, օրապահիկ է ստացել բյուջեից։

Ինչևէ, իրենց կանանց և ընտանիքի անդամներին պետական դիրքը օգտագործելով կամ չարաշահելով պաշտոնական գործուղումների տանելու և այդ հնարավորության հաշվին նրանց համար անվճար կամ մատչելի տարբերակով տուրիզմ ապահովելու պրակտիկան այս իշխանության մոտ նոր չէ։ Նրանք եկած օրվանից են իրենց ձեռք բերած դիրքը օգտագործում իրենց և իրենց ընտանիքի անդամների անձնական հաճույքների համար։

Hayastan.news-ը ԱԺ աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե որքան գումար են բյուջեից հատկացրել վերջին վեց ամսում ԱԺ պատգամավորների և աշխատակազմի կատարած գործուղումների համար, որոնց մեջ մտնում էր նաև հունիսի 6-9 Անգլիա կատարած գործուղումը։ Եւ մեզ ուղարկվել է պատասխան, ըստ որի՝ ԱԺ նախագահի գլխավորած 13-հոգանոց պատվիրակության միայն գիշերակացի համար պետական բյուջեի միջոցներից վճարվել է մոտ 5 մլն դրամ (4 մլն 993 հազար 99 դրամ), իսկ ավիատոմսի համար՝ ավելի քան 6 մլն դրամ (6 մլն 173 հազար 462 դրամ)։ Բայց սա դեռ ամենը չէ։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշված է, որ աշխատակազմի ղեկավարը պետք է ապահովեր ոչ միայն գործուղման հետ կապված ճանապարհածախսի, oրապահիկի և գիշերավարձի, այլ նաև ներկայացուցչական ծախսերի կատարումը, որի մեջ մտնում է, օրինակ, Հայաստանից անգլիացի գործընկերներին նվերներ տանելը։ Ուղարկած պատասխանում, սակայն, չէին նշել, թե ներկայացուցչական ծախսերի համար որքան գումար են հատկացրել։

Սրան գումարում ենք նաև օրապահիկը, որը, համաձայն կառավարության հրապարակած ցանկի, Լոնդոնում մեկ օրվա համար կազմում է 123 դոլար։ Ու քանի որ պատվիրակության անդամներից մեկը երկու օր շուտ էր մեկնել Լոնդոն, այսինքն՝ երկու օր ավելի է մնացել այնտեղ, ընդհանուր ստացվում է 5043 դոլար կամ մոտ 2 մլն դրամ գումար (այսօրվա կուրսով՝ 1 941 հազար դրամ) էլ հատկացվել է օրապահիկի համար։ Եթե սա էլ գումարում ենք ԱԺ աշխատակազմի ուղարկած գիշերավարձի և ավիատոմսի թվերին, ապա ընդհանուր ստացվում է ավելի քան 13 մլն դրամ (13 մլն 108 հազար)՝ գումարած ներկայացուցչական ծախսերը, որոնց չափը չգիտենք։ Այսինքն՝ պետությունը Ալեն Սիմոնյանի գլխավորած 13-հոգանոց պատվիրակության յուրաքանչյուր անդամի վրա 1 մլն դրամից ավելի գումար է ծախսել, որ նրանք գնան Լոնդոնը տեսնեն, այնտեղ նկարվեն, նաև ինչ-որ հանդիպումներ ունենան և վերադառնան։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ