Հետևեք մեզ։

Քաղաքն ապրելու համար պետք է հարմար լինի բոլորին, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու ոչ մի դեպքում որոշումների հիմքում չպետք է ընկած լինի մարդկանց «հարմարների և ոչ հարմարների» բաժանումը․ Մանե Թանդիլյան

11:24, 07 օգոստոս 2023
Քաղաքն ապրելու համար պետք է հարմար լինի բոլորին, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու ոչ մի դեպքում որոշումների հիմքում չպետք է ընկած լինի մարդկանց «հարմարների և ոչ հարմարների» բաժանումը․ Մանե Թանդիլյան

Մինչ Երևանը զավթած իշխանությունները սոսկ հայտարությունների մակարդակում պնդում են, որ հաշմանդամություն ունեցող  քաղաքացիները՝ առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությունում ներառվելու բոլոր հնարավորությունները, զուգահեռ իրականությունում Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարողանում օգտվել հանգստի ու ժամանցի հասարակական վայրից, ինչպես հարիր է քաղաքակիրթ աշխարհին ու հարազատ մայրաքաղաքին՝ ջերմ, բարի, հոգատար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։


«Այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրական վերաբերմունք պետք է բացառվի, դատապարտվի ու պատժվի, դա քննարկման ենթակա չէ։ Բայց սա կարկառուն օրինակ է նաև այն բանի, որ Երևանը ներառականության լրջագույն խնդիրներ ունի՝ սկսած անընդհատ շահարկվող թեքահարթակների և այլ ենթակառուցվածքների բացակայությունից ու անհարմարությունից, քաղաքային տրանսպորտի անհասանելիությունից, նոր  կառուցվող ուսումնական անմատչելի հաստություններից մինչև դրանց արդյունքում քաղաքացիների կողմից ձևավորվող ոչ ճիշտ վերաբերմունք և մոտեցում։


Եվ եթե այս ուղղությամբ քաղաքային իշխանությունները պատշաճ վերահսկողություն սահմանեին, ապա այսօր ոչ մի տնտեսվարողի մտքով անգամ չէր անցնի այս երեխաներին ոչ պարկեշտ ձևով ընդունել կամ սպասարկել։ 


Քաղաքն ապրելու, տեղաշարժվելու համար պետք է հարմար լինի բոլորին, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու ոչ մի դեպքում  որոշումների հիմքում չպետք է  ընկած լինի  մարդկանց «հարմարների և ոչ հարմարների» բաժանումը։ 


Խնդիրը բոլորինս է, և անելիք ունենք բոլորս՝ սկսած անհատական մակարդակում ընկալում և գիտակցություն փոխելուց, ավելի հանդուրժող, բարի ու հոգատար հասարակություն կրթելուց, մինչև աշխատանք տանելը ավելի բարձր օղակներում՝ պետություն, քաղաքային իշխանություններ, մասնավոր հատված։ 


Երևանը պետք է ապրելու քաղաք լինի բոլորիս համար»,- գրել է նա։