Հետևեք մեզ։

Այլևս չէի ուզում ծառայել այդ պաշտոնում, այս պահին ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի շարունակել իմ կյանքը․ Ատոմյանը՝ ՔԿԾ պետի պաշտոնից ազատման մասին

18:25, 07 օգոստոս 2023
Այլևս չէի ուզում ծառայել այդ պաշտոնում, այս պահին ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի շարունակել իմ կյանքը․ Ատոմյանը՝ ՔԿԾ պետի պաշտոնից ազատման մասին

2023 թվականի հունվարի 16-ին Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակված Սերգեյ Ատոմյանը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես նշանակման դեպքում որևէ բացատրություն, հիմնավորում չներկայացվեց, թե ինչու պետք է նախկինում ընդամենը քննիչ աշխատած, 2018-ին  «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր դարձած, հետո մի քանի ամիս Արարատի մարզպետի տեղակալ աշխատած  Ատոմյանը դառնա ՔԿԾ պետ,  այնպես էլ ազատման դեպքում որևէ բացատրություն, որևէ պատճառաբանություն չներկայացվեց։ Ի դեպ, Վիքիպեդիայում Սերգեյ Ատոմյանը ներկայացված է որպես «հայ պետական և քաղաքական գործիչ»։ Նրա կենսագրականը հակիրճ նկարագրող սյունակում կրթության դիմաց նշված է՝ Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, իսկ կրթության դիմաց՝ քաղաքական գործիչ։ Այսինքն՝ իրավագիտության ֆակուլտետն ավարտել է ու դարձել քաղաքական գործիչ՝ ըստ Վիքիպեդիայի։ Նշենք, որ կապիտանի կոչումով ՔԿԾ պետ դարձած Սերգեյ Ատոմյանը ՔԿԾ պետի պաշտոնը թողեց գեներալ-մայորի կոչումով։

 

 

Hayastan.news-ը կապ հաստատեց Ատոմյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նա ազատվել պաշտոնից։ Պատասխանը ստանդարտ էր՝ ինչպես գրեթե բոլոր դեպքերում, երբ «նախատեսած չեն լինում» պաշտոնից ազատվել։

 

-Պարոն Ատոմյան, ո՞րն էր պատճառը Ձեր ազատման։

 

-Պատճառը իմ դիմում գրելն էր, իմ կամքով դիմումը գրել՝ ազատվել եմ։

 

-Իսկ Ձեր կողմից դիմում գրելու պատճառը ո՞րն էր։

 

-Այլևս չէի ուզում ծառայել այդ պաշտոնում, այս պահին ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի շարունակել իմ կյանքը։

 

-Ինչ-որ խնդիրնե՞ր կային։

 

-Որևէ խնդիր չկա, նորմալ է ամեն ինչ։

 

-Կարո՞ղ է ինչ-որ չարաշահումներ կամ կոռուպցիոայի հետ կապված ինչ-որ հարցեր են եղել, և դրանով իրավապահների ուշադրության կենտրոնում էիք հայտնվել։

 

-Ոչ, նման բան չկա։

 

-Դուք հիմա Հայաստանո՞ւմ եք, թե՞ արտերկրում։

 

-Այո, Հայաստանում եմ։

 

-Իսկ այլ աշխատանքի անցնելու, այլ պաշտոնի նշանակվելու հեռանկար կա՞։

 

-Տեսնենք, երբ որ առաջարկություն ստանամ՝ կմտածեմ։

 

-Իհարկե, մամուլը այս ընթացքում Ձեր մասին տարբեր բաներ էր գրում, բայց կարծես թե՝ բավականին բուռն աշխատում էիք, և հիմա մի տեսակ անակնկալ էր Ձեր ազատումը՝ ինչպես անկնկալ էր Ձեր նշանակումը այդ պաշտոնին։ Գուցե բացե՞ք փակագծերը։

-Փակագծեր բացելու բան չկա, իմ կամքով դիմում եմ գրել, ազատվել եմ։ Առաջարկություն էի ստացել աշխատանքի անցնելու՝ համաձայնել եմ,  հիմա էլ, էս պահին ցանկացել եմ ազատվել աշխատանքից։ Որևէ անկնկալ բան չկա, ամեն ինչ նորմալ է, նոր աշխատանքի մասին էլ հետագայում կիմանաք, եթե այլ պաշտոնի անցնելու հարց լինի։

 

-Իսկ Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղե՞լ է Ձեր դիմում գրելու մասին, և դեմ չի՞ եղել, չի՞ ասել՝ ինչո՞ւ ես ուզում ազատվել։

 

-Միանշանակ, իհարկե, տեղյակ եղել է։ Եթե պարոն վարչապետը նշանակել է, ո՞նց կարող է տեղյակ չլինի։ Բայց մնացած մանրամասները հետո կխոսենք, հիմա զբաղված եմ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ