Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը:
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ 2023 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման գործընթացն առանձնացնել տպագրությունից: Դեռևս անցյալ տարի հայտարարված դասագրքերի մրցույթը, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր, ամփոփվել է: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայացվել է ընդհանուր առմամբ 59 անուն դասագրքի հայտ, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ: Ըստ այդմ՝
- 2-րդ դասարանի համար ներկայացվել է 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը,
- 5-րդ դասարանի համար՝ 17 հայտից երաշխավորվել է 14-ը,
- 7-րդ դասարանի համար՝ 25 հայտից երաշխավորվել է 21-ը: